«Թաքնված գանձերի հետքերով» ֆիլմերը ներառվել են «Ռոլան» միջազգային կինոփառատոնի ծրագրում

«Այբ» դպրոցի աշակերտների պատրաստած «Թաքնված գանձերի հետքերով» շարքի 4 ֆիլմերը ներառվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային ծրագրում։ Փառատոնը կայանալու է նոյեմբերի 6-10։

Այդ ֆիլմերն են՝ «Վիշապագորգ. բոլոր ժամանակների հերոսը», «Ավանի տաճար. հաղթելով ժամանակին», «Հախճապակե հիշողություն» և «Գաթանախշ. կյանք` խմորի վրա»։

Ֆիլմերի շնորհանդեսը կայացել է 2018 թվականի մայիսին, ինչից հետո «Այբ» դպրոցի նախագիծը փառատոնի կողմից հրավեր է ստացել՝ ներառվելու ծրագրում։
«Թաքնված գանձերի հետքերով» նախագիծն իրականացվում է 2017 թ. սեպտեմբերից «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության Film Factory ակումբի կողմից։ Ծրագրի նպատակն է վավերագրական ֆիլմեր պատրաստելու միջոցով ուսումնասիրել, ինչպես նաև հանրահռչակել հայկական ժողովրդական և կիրառական արվեստները։

Խմբի անդամներն ակումբի ղեկավարների՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի և Արուսիկ Զախարյանի օգնությամբ ծանոթացել են արվեստի ճյուղերին, առանձնահատկություններին, ավանդույթներին, իսկ թանգարաններ կատարած այցերով հնարավորություն ստացել իրական նմուշները տեսնելու միջոցով ամրապնդելու գիտելիքները։

Դասընթացի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել նաև ուսումնասիրվող ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին առավել հստակ պատկերացնելու արվեստի նմուշներ պատրաստելու, հանրությանը ներկայացնելու բարդությունները։ Այցերը հնարավորություն են տվել նաև մանրամասնորեն ծանոթանալու ֆիլմ նկարահանելու յուրաքանչյուր փուլին։

Նախագծի շրջանակում պատրաստված ֆիլմերի և ցուցահանդեսային նյութերը միջոց են աշակերտների ստացած գիտելիքները փոխանցելու հանրության ավելի լայն շերտերին։

Ֆիլմերը հասանելի են Youtube հարթակում՝ «Այբ» դպրոցի էջում։

«Ավանի տաճար. հաղթելով ժամանակին»

https://www.youtube.com/watch?v=GYDx4T67568&t=24s

«Հախճապակե հիշողություն»

https://www.youtube.com/watch?v=tS7W2f6tW6s&t=58s

«Գաթանախշ. կյանք՝ խմորի վրա»

https://www.youtube.com/watch?v=dpfjYACo57I&t=189s

«Վիշապագորգ. բոլոր ժամանակների հերոսը»

https://www.youtube.com/watch?v=hkD4Q7Qs2Ac&t=43s

Tweets by AybSchool