Սփյուռքի նախարարին տպավորեց «Այբ»-ի ստեղծագործ միջավայրը

Հոկտեմբերի 2-ին «Այբ» դպրոցում հյուրընկալեցինք ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին և նրա գործընկերներին։ Նախարարին հետաքրքրեցին և տպավորեցին «Այբ»-ի բաց միջավայրը և յուրօրինակ ճարտարապետական լուծումները։ Իսկ արդեն մարմնակրթության դահլիճում այնքան անկաշկանդ և անմիջական մթնոլորտ էր տիրում, որ նախարարը հյուրընկալների հետ միասին բասկետբոլ խաղաց։ Ավելին, պարոն Հայրապետյանը փորձարկեց նաև այբեցիներիս սիրելի սահուղին։ Իսկ ֆաբլաբում հյուրերին սպասում էին «Այբ»-ի ռոբոտաշինության խմբակի աշակերտների նախագծած և պատրաստած ռոբոտները, որոնք պարբերաբար մասնակցում են միջազգային մրցույթների և հաղթանակած վերադառնում։ Պարոն Հայրապետյանի ուշադրությունը գրավեցին նաև տարրական դպրոցի աշակերտները, որոնք աշխատում էին արհեստանոցում։
Վերջում՝ թեյախմությունից առաջ, նախարարը մեր հարցին պատասխանեց ջերմ, սիրալիր և լայն ժպիտով։
- Պարո՛ն նախարար, ի՞նչ տպավորություններ ստացաք։ Այս այցից հետո, թե՛ որպես պաշտոնյա, թե՛ որպես պարզապես ՀՀ քաղաքացի, նոր մտքեր առաջացա՞ն Ձեզ մոտ։
- «Այբ» դպրոց կատարած այցս բավականին հետաքրքիր ու վառ ստացվեց: Իհարկե, ես ևս մեկ անգամ ուրախություն ապրեցի, որ հայ երեխաները կարող են նման պայմաններում, նման հնարավորությունների առկայությամբ մրցունակ կրթություն ստանալ, և ևս մեկ անգամ երազեցի այն մասին, որ յուրաքանչյուր երեխա, սկսած Հայաստանի սահմանամերձ գյուղերից մինչև աշխարհի ամենաանտեսված բնակավայրերը, ունենա ուսման այդ պայմանների գոնե մի մասը: «Այբ»-ը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է աշխատել ամենատարբեր երեխաների հետ ու հասնել արդյունքի, սակայն դարձյալ ցանկանում եմ նշել, որ այս փորձը մենք պետք է տարածենք, և կրթությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, Հայաստանի Հանրապետությունում պետք է իրացվի ամենաբարձր մակարդակով:
 
 

Մարիամ Բադալյան

10-րդ դասարան

 

Այցի լուսանկարներն՝ այստեղ։

Tweets by AybSchool